Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

5G անցմանը պատրաստ արդիականացվող ցանց, որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը համագործակցության համաձայնագրեր է կնքել

5G անցմանը պատրաստ արդիականացվող ցանց, որակապես նոր 
հեռուստատեսություն. Ucom-ը համագործակցության համաձայնագրեր
է կնքել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ որակապես նոր հեռուստատեսություն և 5G ծառայությունների արդիական ծածկույթ ապահովելու նպատակով Երևանում համագործակցության համաձայնագրեր կնքեց Nokia և Mediakind ընկերությունների հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրերը ստորագրեցին «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Nokia ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցը և MediaKind ընկերության Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոը: 

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում «Յուքոմ» ցանցի 5G Ready ծառայությունների արդիական ծածկույթ ապահովելու համար Nokia ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր, որով արդիականացնելու է «Յուքոմ»-ի բազային և IP ցանցի ենթակառուցվածքը՝ բարձրացնելով բաժանորդների շարժական կապի հարմարավետության աստիճանը, որպեսզի այն որակապես ավելի բարձր մակարդակ ունենա՝ ապահովելով տվյալների փոխանցման արագությունը և ավելացնելով թողունակությունը: Այս համաձայնագրի կյանքի կոչմամբ «Յուքոմ» ցանցերը լայն հնարավորություններ կընձեռեն ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդներին։

«Այս ամենը շուրջ 1 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է և լուրջ ձեռքբերում ընկերության համար: «Յուքոմ»-ն ազդարարում է նոր մեկնարկ: Հեռահաղորդակցության ոլորտում նոր ապագա է լինելու, խթանվելու է տեխնոլոգիական մրցակցությունը: Մենք ազդարարում ենք 5G ցանցի կառուցումը, որը բերելու է յուրահատուկ որակ մեր բաժանորդներին: Աշխատանքները սկսելու ենք մարզերից»,- նշեց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Հեռուստատեսության ժամանակակից լուծումներ և նոր որակի ծառայություններ առաջարկող համաշխարհային առաջատար MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի որակապես նոր հեռուստատեսային հարթակ: Դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն, թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց Nokia, Mediakind և «Յուքոմ» ընկերությունների միջև համագործակցությունը՝ ցանցի արդիականացման և ծառայությունների բարելավման տեսակետից, որը կբարձրացնի շարժական կապի հասանելիությունը և կնպաստի տվյալների փոխանցման արագությանն ու թողունակությանը: Նրա խոսքով՝ համագործակցությունը Հայաստանին նոր հնարավորություններ և հեռանկարներ կտա: 

«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում մենք անընդհատ պետք է ապագային նայենք: Հենց այս համատեքստում կարևոր է «Յուքոմ»-ի, Nokia-ի, Mediakind-ի միջև կնքվող համագործակցությունը: Մենք պետք է ռեսուրսներ, գաղափարներ, էներգիա ու ջանք չխնայենք, եթե ուզում ենք լինել մրցունակ հենց հեռահաղորդակցության ոլորտում: Այս համատեքստում ուզում եմ վստահեցնել բոլորիդ, որ պետությունը կանգնած է այն բոլոր նախաձեռնությունների կողքին, որի առանցքում կա այդ երազանքը՝ դեպի ապագա ձգտելու կամքը, պատրաստակամությունը»,- ասաց նախարարը: 

Nokia ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցը նշեց՝ այս համագործակցության կարևորությունը թվայնացումն է և թվայնացման միջոցով մարդկանց կյանքի որակը բարելավելը, նոր հնարավորություններ ապահովելը: 

MediaKind ընկերության ներկայացուցիչ Վիետ Նուեն Կաոն էլ կարևորեց համագործակցությունն՝ ընդգծելով, որ դրա շրջանակներում Հայաստան է բերվելու հեռուստատեսության ոլորտում լավագույն փորձառությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]